Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՂԵՏ Է ԾՆԵԼՈՒ

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՂԵՏ Է ԾՆԵԼՈՒ
14.09.2010 | 00:00

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումների ֆունկցիոներները բավականին լավ են հասկացել, որ դատապարտյալները նույնպես մաս են կազմում քաղաքացիական հասարակության, ուստի և ունեն նշանակալի ազդեցություն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքական, մշակութային կյանքում և այլ բնագավառներում։ Նրանք հաշվի են առել նաև այն իրողությունը, որ հասարակության մի զգալի հատված անցնում է քրեակատարողական հիմնարկների օրըստօրե սեղմվող մետաղյա անիվների արանքով, ուստի դժվար չէ պատկերացնել վաղվա քաղաքացիական հասարակության մանրակերտը։ Մինչդեռ բարեփոխումները քրեակատարողական հիմնարկներում և հատկապես ՊԱՉ-ի` պատժի առավելագույն չափի պարագայում իրականացվում են հետևյալ սկզբունքներով
.Արդարադատության նախարարության կողմից արհեստականորեն ստեղծված է դատապարտյալների պահման և կեցության լուրջ խնդիրների շարան, որով և արդարադատության ֆունկցիոներները ստիպում են դատապարտյալներին գոյատևել հենց իրենց պահանջների շրջանակներում, ուր ոտնահարվում են ոչ միայն իրավունքներն ու ազատությունները, այլև դատապարտյալների արժանապատվությունն ու ինքնասիրությունը։
.Արդեն իսկ ստեղծված են այն բոլոր դժվարագույն պայմանները, որոնք խոչընդոտում են ինչպես դատապարտյալների ուսմանն ու կրթությանը, այնպես էլ ստեղծագործական կյանքին։ Փորձ է արվում վերջնականապես կտրել բոլոր կապերը ոչ միայն ազգային մշակույթից, այլև պատմական արմատներից ու հավատքից, որոնք ոգեշնչել էին արդարությանը հասնելու միակ ճիշտ ճանապարհին։ ԶԼՄ-ներով խեղաթյուրված փաստերի, ստի ու կեղծիքի վրա հիմնված ենթադրությունների ու կամայական մեկնաբանությունների միջոցով դատապարտյալների հանդեպ իրականացվում է դիֆամացիա (վարկաբեկող տեղեկությունների հրապարակում)։
.Նախարարության ֆունկցիոներները, ժամանակակից քաղաքակրթության բարեփոխիչների կեցվածք ընդունելով, նախընտրեցին «վախի առաջացման ստրատեգիան», որը մարդկային բարոյական ոգին ընկճելու ժամանակակից ձևերից մեկն է դատապարտյալներին պահելով ներկա դրության և ապագայում սպասվելիք ճակատագրի բացարձակ անորոշության մեջ, ժամանակ առ ժամանակ, մի կողմից, խիստ պատժամիջոցների կիրառմամբ, մյուս կողմից` դրական վերաբերմունք խոստանալու հաճախակի ցուցաբերած անկայունությամբ, դատապարտյալների պահման և կեցության, վաղաժամկետ ազատման ու պատիժների խստացման հակասական, կեղծ ու պարադոքսալ լուրերի տարածմամբ, օրենքների կամայական մեկնաբանություններով, հասկանալին արհեստականորեն անհասկանալի դարձնելով` դատապարտյալներին ստիպում են կորցնել պատկերացումներն ու վստահությունը պետության, պետականության և ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ։
Նրանք լավ են հասկացել նաև այն իրողությունը, որ «վախի առաջացման ստրատեգիայի» իրականացման արդյունքում բարոյալքված դատապարտյալները հայտնվում են խիստ մտատանջությունների և կաթվածահար վիճակի մեջ, գրեթե նույն վիճակի մեջ գցելով իրենց ընտանիքներին։ Բարոյական ոգին կորցրած և անտարբերության ու քաոսի մեջ հայտնված դատապարտյալները հակված են ընդունելու ցանկացած պետական այրի, որը երաշխավորում է հուսալի ներկա և պայծառ ապագա` խոստանալով նվազագույնի հասցնել արհեստականորեն ստեղծված հակասություններն ու պարադոքսները` սրանով իսկ ստեղծելով դիկտատուրայի հիմքերն ու դիկտատորի նախադրյալները։
.Նախարարության ֆունկցիոներները դատապարտյալների վրա զուգորդաբար կիրառում են «ֆիզիկական և հոգեկան մաշումի ստրատեգիան», մարդու մեջ արհեստականորեն առաջացնելով երկարատև գերլարվածություն, որը մարդկային գիտակցությունը հանգեցնում է խիստ ջլատվածության, ինչը խոչընդոտում է դատապարտյալներին` գիտակցված կամ իմաստավորված որոշումներ ընդունելու։
Արդարադատության նախարարության կողմից դատապարտյալների վրա կիրառվող վերը նշված հոգեբանական ձեռնածությունները միանշանակ համապատասխանում են ԱՄՆ-ի Ստենֆորդի հետազոտական ինստիտուտի կիրառած մեթոդներին։ Ստեղծվել է 1946-ին` Թավիստովի մարդկային հարաբերությունների ինստիտուտի կողմից։ Հեղինակն է քաղաքացիական բնակչության ընդվզումները ճնշելու գործառնությունների մշակման, մարդու կերպարանափոխման և ընդդեմ մարդկության մի շարք ծրագրերի` մշակված ինչպես ատլանտյան, այնպես էլ ԲՍՀԿ-ի, ԱՊՀ-ի և երրորդ աշխարհի պետությունների վրա գործադրելու նպատակով և ուղղված Աստծո կողմից ի վերուստ տրված բարօրության, սիրո, ազատության ու արդարամտության ձգտումը մարդու գիտակցությունից ու ոգուց արմատախիլ անելուն։ Ոգու վրա իրականացված հարձակումներն արևմտյան և հատկապես ԱՄՆ-ի ինստիտուտների գիտափորձերի արդյունքում ստեղծված մեթոդներն ու տեխնոլոգիաներն են, որոնք արդեն իսկ հաջողությամբ իրականացվել են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի վակավիլի բանտում ու վարակի պես տարածվում են համաշխարհային մասոնիզմի ազդեցության գոտիներում։
. Հայաստանում առկա քրեակատարողական հիմնարկները այլևս կարելի է նշանավորել իրենց երկբևեռությամբ, ուստի և հասարակության ու նրա զանգվածների ստերեոտիպերով։ Առաջինը` խորհրդային սկզբունքների վրա հիմնված բոլշևիկյան 19-րդ դարի դեպի ստրկություն տանող ռեժիմային համակարգն է, երկրորդը` ժամանակակից արևմտյան փլուզվող արժեհամակարգի բեկորների վրա կառուցվող, ազգային իրավագիտական արժեհամակարգը արմատախիլ անող համակարգը։ Այս երկու համակարգերը չեն կարող համատեղ գոյակցել, և նրանց միջև առկա ճգնաժամը մոտ ապագայում կծնի արդարադատության ոլորտի աննախադեպ աղետ։ Եվ եթե Հայաստանի պետական այրերը, հատկապես գիտնականներն ու փորձագետները լուրջ միջոցներ չձեռնարկեն, ապա արդարադատության ոլորտը վերջնականապես կվերածվի խիստ հանցավոր բանդիտիզմի մեծ խառնարանի, որի միջով անցած դատապարտյալների հզոր զանգվածը մաս կկազմի հասարակության ճահճացած այն մասի, որը, կորցրած ապագայի ցանկացած հույս, մի կերպ քարշ է գալիս դեպի վերջնական կործանում։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ-ի դատապարտյալ

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ